National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.07.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ
1 / 6

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ:

Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային ծրագրեր կյանքի կոչելու համար: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Սեսիլիա Բոտինոն տեղեկացրել է, որ ընտրվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել հայ համայնքի հետ, որը մեծ դեր ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Նա նշել է, որ իր երկրի խորհրդարանում ամեն տարի իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խումբը՝ հույս հայտնելով, որ վերջինս ակտիվ գործունեություն կծավալի:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հայ խորհրդարանականների հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ մոտ օրերս Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը եւս նոր զարկ կտա երկու երկրների միջեւ բազմոլորտ հարաբերություններին:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը հրավիրել է Սեսիլիա Բոտինոյին այցելել Հայաստան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am