Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ:
Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:
Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության եւ ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները: