ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ հուլիսի 10-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված՝ հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով խստացվում են ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները: ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաեւ կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը գործադիրն առաջարկում է դարձնել 100 միլիոն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ գործադիրը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկություններ:
Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն են տվել նախագծերին: