Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` խորհրդարանականները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են 2020-22 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի բաղադրիչներն ու հաջորդ տարվա բյուջեի հատկացումները: Նախարարն անդրադարձել է օրերս Հայաստանում տեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում մեր երկրի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովին, դրա շրջանակում ՀՀ ԱԺ-ում կայացած դիվանագիտական ընդլայնված հանդիպմանը: Խոսելով միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ` Զոհրաբ Մնացականյանը մատնանշել է արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները: Դրանք են` ինքնիշխանություն, համահայկականություն եւ փոխգործակցություն: Նախարարը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրել է նաեւ դիվանագիտական դպրոցի գործունեությանը, բյուջեով հատկացվելիք միջոցների ընդլայնմանը: Կարեւորելով դպրոցի դերը դիվանագետների հմտությունների կատարելագործման հարցում՝ Զոհրաբ Մնացականյանը փաստել է, որ կառույցը լավագույն հարթակն է ազգային պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար:
Համատեղ քննակմանը նախարարը ներկայացրել է նաեւ ՀՀ դիվանագիտական կառույցների գործունեությունը, նոր դեսպանությունների եւ ներկայացուցչությունների հիմնման գործընթացը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում Աֆրիկյան մայրցամաքում՝ մասնավորապես Եթովպիայում, դեսպանություն բացելու ուղղությամբ: