Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, մշտական հանձնաժողովի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Անդրեասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի աշխատանքներից:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են եղել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների մասնակցությանը, ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերը:
Պատգամավորն առանձնացրել է երեք կարեւոր խնդիր, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ. ռուսական կողմը կշարունակի Հայաստանի ատոմակայանի վարկավորման գործընթացը, մինչեւ հունվար կլուծվի հայկական վարորդական իրավունքի հետ կապված հարցը: Նիստում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում ՀԱՊԿ անդամ մեկ երկրի կողմից ոչ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի հարձակողական նշանակության կործանիչ զենքերի մատակարարման հարցը:
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ որոշել են երկկողմ հարաբերություններում ծագող խնդիրների վերաբերյալ գտնել համատեղ լուծումներ: Ըստ բանախոսի՝ նմանօրինակ գործակցությունն առավել կամրապնդի երկուստեք հարաբերությունները:
ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանի հավաստմամբ՝ ՌԴ պետական դումայում բոլոր հանդիպումներն ու քննարկումները եղել են կառուցողական:
ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կարեւորել է համայնքների հետ համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ մեր երկրում հայկական դպրոցներում ռուսական դասաժամերի ավելացման ու տարբեր միջոցառումների կազմակերպման հարցերը:
Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին: