ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հրավերով սեպտեմբերի 24-27-ը գտնվում է Վրաստանում:
Սեպտեմբերի 25-ին հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:
Ողջունելով ՀՀ Աժ պատվիրակությանը` Գիորգի Վոլսկին ընդգծել է վրաց-հայկական միջխորհրդարանական սերտ համագործակցությունը եւ այն Էլ ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Նա հանգամանալից ներկայացրել է Վրաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումները, անդրադարձ կատարել տարածաշրջանային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ հանդիպումը շատ լավ առիթ է առավել զարգացնելու եւ խորացնելու առկա երկկողմ համագործակցությունը: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ-վրացական համագործակցությանը` նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Վրաստանի հետ` զերծ մնալով աշխարհաքաղաքական զարգացումներից: Լենա Նազարյանի խոսքով՝ Հայաստանը Վրաստանից ակնկալում է նույն դիրքորոշումը` պահպանել չեզոքություն Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Լենա Նազարյանն ընդգծել է, որ Վրաստանից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը համահունչ: Ի պատասխան` Գիորգի Վոլսկին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ ոչինչ չի կարող խոչընդոտել այդ հարաբերություններին:
Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցությանն ու զբոսաշրջությանը վերաբերվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ: Վրացի գործընկերները ներկայացրել են շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության ``Enterprise Georgia`` գրասենյակի տնօրեն Միխեիլ Խիդուրելիի, Վրաստանի ներքին գործերի համատեղ օպերատիվ բաժանմունքի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլիի հետ: