Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը, այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջեւ գործակցության զարգացումը:
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
Կողմերը կարեւոր են համարել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Դեսպանը նշել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանը մտահոգիչ է համարել Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ նշելով, որ այն չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար հակամարտության հանգուցալուծման հարցում առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն է: