ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի՝ փորձ է արվում կարգավորել հանրապետության տարածքում եւ մեր երկրի տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց հանձնման եւ ժամանակավոր կալանավորման հետ կապված իրավահարաբերությունները: Առաջարկվում է նաեւ տվյալ գործը քննող դատախազին եւս վերապահել դատական որոշումը բողոքարկելու իրավունք:
Հարակից ցեկույցում ԱԺ պատգամավոր Նորա Առուստամյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում են մեղադրող եւ պաշտպանող կողմերի իրավունքները: Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Օրինագիծն ստացել է դրական եզրակացություն նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք նախագծերի:
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը կկայանա հաջորդ նիստին: