Հոկտեմբերի 17-ին Մանե Թանդիլյանի եւ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության ուսումնասիրությունը, որ ներառում է 2017թ-ի հունվարի1-ից 2018թ սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը:
Բանախոսը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել է քսան արձանագրություն, երկու առանձին նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ կատարվում է քննություն:
Կարեն Առուստամյանի խոսքով՝ անհամապատասխանություն է նկատվել, մասնավորապես, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության մեջ, «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների շինարարական ու մոնտաժային աշխատանքներում:
Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է 50 առաջարկություն, որոնք հիմնականում վերաբերում են վարկային կազմակերպություններին:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ներկայացրել է պարզաբանումներ՝ Հաշվեքննիչ պալատի ստուգումերի արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների վերաբերյալ:
Նշվել է, որ առաջարկությունների մի մասն ընդունվել է, մյուս մասն ուսումնասիրության փուլում է, իսկ մի մասն էլ՝ առարկվել է:
ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության ուսւմնասիրությունը:
Ուսումնասիրվել են ոռոգում, ջրառ իրականացնող կազմակերպությունների («Ջրառ ՓԲԸ»), ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների (ՋՕԸ-ներ) ֆինանսական աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման ծրագիրը:
Մասնավորապես արձանագրվել է, որ Արփա-Սեւան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերը չեն կազմվել օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով, ինչի առնչությամբ նյութեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը ներկայացրել է պարզաբանումներ Հաշվեքննիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ:
Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների բազմաթիվ հարցերի: