ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրվան ընդառաջ, հոկտեմբերի 18-ին կազմակերպել էին «Դիմակայուն Հայաստան» խորագրով լսումներ:
Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը դասվում է աշխարհի աղետավտանգ երկրների շարքին, ուստի, ըստ նրա, պետք է առանձնահատուկ մոտեցումներ եւ մեխանիզմներ կիրառել, որպեսզի բոլոր քայլերն ուղղված լինեն պետության ու քաղաքացիների բարօրությանն ու անվտանգությանը:
«Յուրաքանչյուրը պետք է սեփական ներդրումն ունենա դիմակայուն հայրենիքի ճանապարհին, քանի որ վտանգը չի ճանաչում ոչ մեկի եւ ոչինչ», -ասել է պատգամավորը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հավաստմամբ՝ աղետների ռիսկի նվազեցումը բերում է աղետի կանխման: Նա կարեւորել է բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, միջազգային կառույցների հետ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը: «Ռիսկերի գնահատումն ու դրանց հնարավորինս մեղմումը պետք է հանդիսանան երկրի տնտեսության զարգացման անկյունաքարերից մեկը»,- ասել է նախարարը: Շեշտադրվել է նաեւ բնագավառի օրենսդրության բարեփոխման անհրաժեշտությունը: Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի եւ ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը պետք է հիմք հանդիսանա պետական կառավարման բոլոր օղակների համար, դիտարկվի որպես կարեւորագույն բաղադրիչ զարգացման բոլոր գործընթացներում՝ պլանավորումից մինչեւ իրականացում:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինի խոսքով՝ վեց անգամ ավելի էժան է աղետի կանխարգելումը, քան դրա հետեւանքների վերացումը: Նա նկատել է, որ ռիսկերի նվազման համար Կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնեն: Բանախոսը կարեւորել է լսումների կազմակերպումը, ինչը նաեւ իրազեկվածության աղբյուր է:
ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու նաեւ օրենսդրության բարեփոխման հարցում: Նշվել է, որ աղետների կանխարգելման, ռիսկերի նվազման ուղղությամբ աշխատանքներ են տարվում համայնքների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ:
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԻՆ-ի եւ միջազգային գործընկերների ջանքերը՝ ռիսկերի նվազման գործում հետեւողական քաղաքականության իրացման եւ հաստատակամ հանձնառության համար: Ըստ նրա՝ դիմակայունության զարգացման համար հատկապես կարեւոր է ռիսկերի կառավարման բնագավառում հուսալի տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու իրացումը: Նա կարեւորել է հանրային իրազեկվածության արդյունավետության բարձրացմանը, կրթական որակի բարելավմանն ու փորձի փոխանակմանն ուղղված հստակ գործողությունների իրականացումը, ինչպես ազգային, այնպես էլ համայնքային մակարդակներում:
Մտքերի փոխանակությանը մասնակցած բանախոսները ընդգծել են աղետների եւ ռիսկերի քարտեզագրման, դիմակայունության մշակույթի ձեւավորման, ներդրումների նպատակային օգտագործման, իրազեկվածության, միջազգային փորձի ներդրման, տեխնիկապես հագեցվածության կարեւորությունը:
Լսումների ավարտին ստորագրվել է եռակողմ համատեղ գործակցության հռչակագիր:
Մի խումբ կամավորներ ստացել են վկայագրեր: