Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Սարգիս Խանդանյանը հանդիպել են «Երիտասարդական Կոալիցիա» եւ «Միացիր Համայնքին» ծրագրերի մասնակիցների, ինչպես նաեւ փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հայկական Կարիտաս», «Առաքելություն Հայաստան», «Հալեպ», «Հայկական Կարմիր Խաչ» միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ու «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
ՄԱՓԳՀ հայաստանյան գրասենյակի եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի համագործակցությամբ նախաձեռնված «Երիտասարդական Կոալիցիա» եւ «Միացիր Համայնքին» ծրագրերը համախմբում են փախստականների, ապաստան հայցողների, տեղահանվածների եւ կամավորների՝ Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Իրանից, Հորդանանից, Եմենից եւ Հայաստանից:
Մասնակիցները ճանաչողական շրջայց են կատարել Ազգային Ժողովում: ՄԱՓԳՀ հայաստանյան գրասենյակի եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից հրատարակություններ են նվիրաբերվել խորհրդարանի գրադարանին:
Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես՝ լեզվական խոչընդոտների, կրթության անհասանելիության եւ զբաղվածության դժվարությունների մասին:
Քննարկվել են ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումները, օրենսդրական նախագծերի մշակման գործընթացում շահագրգիռ երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը եւ Ազգային ժողովի հետ կայուն գործընկերության հաստատման հեռանկարները: