ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 22-ին բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Վլադիմիր Սիմոնյանը ՀՀ նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է, բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների մասնակից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն իր ելույթում հիշեցրել է Պլատոնի խոսքերը, ով ասել էր, թե արվեստագետներին եւ պոետներին պետք է վռնդել կատարյալ պետությունից: Պատգամավորի խոսքով՝ քանի որ մենք դեռ չունենք կատարյալ պետություն, ուստի պետք է արվեստագետներին եւ պոետներին ընդունենք մեր պետությունում:
ՀՀ նկարիչների միության անդամ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ Վլադիմիր Սիմոնյանը սիրում է իր հայրենիքն ու հայրենի բնությունը, ինչի ապացույցը ներկայացված կտավներն են:
Գեղանկարիչը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ խորհրդարանի աշխատակազմին՝ Հայաստանի օրենսդիր մարմնում իր գործերի ցուցադրությունը կազմակերպելու համար: Նա նշել է, որ այցելելով տարբեր երկրներ՝ միշտ ներկայացրել է Հայաստանն ու նրա գունագեղ բնաշխարհը: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը բնապատկերներ են, որոնք հեղինակի խոսքով ստեղծվել են արվեստանոցից դուրս՝ բնության գրկում:
Վլադիմիր Սիմոնյանը ցուցահանդեսը նվիրել է Հայաստանի անկախության հռչակման 28-ամյակին: