National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
28.10.2019
Քննարկվել են Հայաստանում չարորակ նորագոյացություններով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժօգնության առկա խնդիրները
1 / 6

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Հայաստանում չարորակ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացիկ վիճակն ու առկա խնդիրների լուծման ուղիները» թեմայով:

Մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջնահերթության ծրագրերի մեջ ներառված է նաեւ չարորակ հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումն ու բուժօգնությունը եւ հրավիրված քննարկման նպատակն է անդրադարձ կատարել այն խնդիրներին, որոնք վերանայման կարիք ունեն:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ուռուցքաբանությունը ոլորտի ռազմավարական ուղղություններից  է եւ  առաջիկա 5 տարիների կտրվածքով մշակվում է համապատասխան ծրագիր: Չարորակ նորագոյացությունների բուժումը բարդ եւ բազմաբաղադրիչ գործընթաց է: Առկա իրավիճակում, առաջնահերթ կարեւորություն ունի բուժման հասանելիության ապահովումը, որն ուղղակիորեն ազդում է հիվանդի դիմելիության եւ հիվանդության վաղ ախտորոշման վրա. անձն այլեւս  չի սարսափի ախտորոշել քաղցկեղը եւ  դեմ առ դեմ մնալ իրեն համար անհասանելի բուժման խնդրի առաջ:  Փոխնախարարը տեղեկացրել է, որ որպես երկրորդային կանխարգելման գործուն միջոցառումներ, Հայաստանում ներդրվում են նաեւ սկրինինգային ծրագրեր: 2019 թվականի փետրվար ամսից ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժումն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ուռուցքաբանությանն ուղղված բյուջետային հատկացումներն ավելացել են եւ 2020 թվականին կկազմեն մոտ 3 միլիարդ դրամ: Նախորդ տարի բնագավառի ֆիանասավորումը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ:

Քաղցկեղի դեմ համակարգված միջոցառումներ իրականացնելու նպատակով նախարարությունում գործում է չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման եւ կառավարման համակարգող խորհուրդ:

Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանում չարորակ նորագոյացություններով պայմանավորված հիվանդությունների վիճակագրական վերլուծությունը: Նշվել է, որ առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների թիվը 2018թվականին  կազմել է 8329: Գերակշռում է թոքի եւ կրծքագեղձի քաղցկեղը:

Մասնակիցները մտքեր են փոխանակել քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ ճշգրիտ ախտորոշման գործում հյուսվածքաբանական հետազոտությունների,  ճառագայթային ախտորոշման դերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ չարորակ նորագոյացությունների ճառագայթային, քիմիոթերապեւտիկ եւ վիրահատական   բուժման ժամանակակից մոտեցումներին, առկա խնդիրներին, զարգացման հեռանկարներին:

Ի տարբերություն վիրահատական բուժման, որն իրականացվում է պետպատվերի շրջանակում, քիմիոթերապեւտիկ բուժման համար այսօր գործում է համավճար: ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են աշխատանքներ՝  այդ ծառայության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:

Մասնագետները բարձրաձայնել են նաեւ պալիատիվ խնամքի հասանելիության հարցը:

Քննարկումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու ձեւավորված առաջարկությունները՝ հետագա ռազմավարական քայլերը մշակելու նպատակով, կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հետեւողական կլինի անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:
 


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am