Հունիսի 1-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմենին:
Նրա խնդրանքով Աժ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական, օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ գործնական ու հետեւողական պայքարի, տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի դիրքորոշումների եւ հարեւանների հետ հարաբերությունների մասին: Խորհրդարանի նախագահը նշեց, որ այդ գործընթացների հաջողության համար կարեւոր է ԱՄՆ-ի աջակցությունը եւ շնորհակալություն հայտնեց` անկախության տարիներին` ցույց տված բարոյական ու 1,5 միլիարդ դոլար ֆինանսական օգնության համար:
Պարոն Քոլմենը պատրաստակամություն հայտնեց աջակցել ԱՄՆ-ի սենատի հետ միջխորհրդարանական կապերին եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը` կարեւորելով այդ ընթացքում բարեփոխումները եւ այդ բարեփոխումները կատարելու համարձակությունն ու հետեւողականությունը: Սենատորը նշեց հայկական սփյուռքի կարեւոր դերը` հայերի ձայնը լսելի ԱՄՆ-ի իշխանությունների համար դարձնելու գործընթացներում: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է ակտիվորեն ընդգրկված լինի տարածաշրջանային բոլոր զարգացումներում: Հաջողությամբ կատարելով իր բարեփոխումները` Հայաստանը հույս ու վստահություն կներշնչի համաշխարհային հանրությանը, արդյունքում ամրապնդելով իր քաղաքական ու տնտեսական դիրքերը:Իսկ այդ գործընթացներում, սենատորի կարծիքով, շատ կարեւոր է խորհրդարանի դերը` իբրեւ բարեփոխումների օրենսդրական հիմքեր ստեղծող կառույցի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս: