Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթական համակարգի բարեփոխումների շուրջ: Պատգամավորն անդրադարձել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր: Նա նշել է, որ մշակված է աշխատանքային նախագիծ եւ այն հանրային քննարկման փուլում է: Գեւորգ Պապոյանն ընդգծել է կրթության որակի բարձրացման անհրաժեշտությունն ու այդ համատեքստում կարեւորել եվրոպական ժամանակակից եւ առաջատար փորձի ուսումնասիրումը:
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին հյուրընկալել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը? Պատգամավորը խոսել է Հայաստանի գալիք տարվա բյուջեի մասին՝ նշելով, որ Կառավարությունը նախատեսել է եկամուտների եւ ծախսերի ավելացում: Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է նաեւ տարածքային զարգացման ռազմավարության հիմնադրույթներին:
Բարգավաճ Հայաստան կուսակցության Քաղաքական դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա պատասխանել է հնչեցված բազմաբնույթ հարցերին, կարեւորել նման ձեւաչափով հանդիպումները:
Հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել Ազգային ժողովում, հետեւել են խորհրդարանի հերթական նիստերի աշխատանքներին, այցելել ԱԺ թանգարան եւ գրադարան: