ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման եւ քաղաքաշինության հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորած պատվիրակության հետ:
Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքն ու գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման կարգն ու իր ղեկավարած մշտական հանձնաժողովի հիմնական գործառույթները: Նա նշել է, որ օրենքների մշակման գործընթացը թափանցիկ է եւ հանձնաժողովներում ձեւավորված ենթահանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների, մասնագետների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ իրականացվում են օրենսդրական նախաձեռնությունների տարաբնույթ քննարկումներ:
Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող բարեփոխումներին՝ նշելով, որ այդ հեղափոխությունը նաեւ «արժեքների» հեղափոխություն էր:
Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ համայնքների խոշորացման գործընթացի մասին՝ նշելով, որ փոփոխություններ են նախատեսվում Ընտրական օրենսգրքում: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը մշակել է տարածքային զարգացման ռազմավարություն:
Գերագույն ռադայի ներկայացուցիչները մանրամասնել են Ուկրաինայում համայնքների խոշորացմանն ուղղված օրենսդրական գործընթացները, ծանոթացրել հանձնաժողովի եւ քարտուղարության աշխատանքներին: Նրանք ողջունել են Հայաստանի խորհրդարանում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի կիրառումը՝ ընդգծելով, որ Ռադայում նման համակարգ գործում է միայն իրենց հանձնաժողովում:
Հյուրերը կարեորել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը, փոխայցերի ակտիվացումը: