ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Ողջունելով դեսպանին՝ Հովհաննես Իգիթյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահը մասնավորապես կարեւորել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցությունը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիաների եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններ կան:
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Դեսպանը ներկայացրել է դատական իշխանության ձեւավորման հարցում լիտվական փորձը:
Հովհաննես Իգիթյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը եւ գործունեությունը՝ ուղղված հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Քննարկվել են երկու երկրների շրջանների եւ քաղաքների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները խոսել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների մասին՝ կարեւորելով այդ ընթացքում մշակութային եւ տնտեսական միջոցառումների անցկացումը: