ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Աղաբաբյանն ու խմբի անդամները դեկտեմբերի 2-ին հանդիպել են ՀՀ-ում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Սունկոյի եւ Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս Արտաշես Կազախեցյանի հետ։
Հայ խորհրդարանականներն իրենց երախտագիտությունն են հայտնել Խորվաթիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս տարվա հոկտեմբերին վավերացնելու առնչությամբ։ Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ մշակվել է համագործակցության ծրագիր, որի քայլ առ քայլ իրականացումը կնպաստի հայ-խորվաթական միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ նոր գործընկերային հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։
Արտակարգ եւ լիազոր դեսպանը տեղեկացրել է Խորվաթիայի խորհրդարանում Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման մասին, ինչն, ըստ նրա, կօժանդակի միջխորհրդարանական կապերը նոր մակարդակի հասցնելուն։ Կարեւոր է համարվել միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում եւ Արեւելյան գործընկերության ԽՎ-ում համագործակցությունը։
Հայկական կողմից առաջարկ է եղել ծրագիր մշակել մարզերի միջեւ գործակցության վերաբերյալ։ Ի պատասխան դեսպանը նշել է, որ առաջարկությունը կուսումնասիրվի։
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շեշտադրել է տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում, գործակցության կարեւորությունը։
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող այլ հարցեր եւս, ինչպես նաեւ կարեւորվել է մոտ ապագայում երկուստեք դեսպանատներ ունենալը։