ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Ողջունելով Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ ԱԺ փոխնախագահն արժեւորել է բարեկամական խմբերի դերը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կձեւավորվեն բարեկամական խմբեր:
Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության պաշտոնական պատվիրակության առաջին, պատմական այցն է Հայաստան: Նրա համոզմամբ՝ բավականին լավ առիթ է ընձեռնված ծանոթանալու եւ բազմաբնույթ համագործակցություն ծավալելու Հայաստանի հետ:
Լենա Նազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Քննարկվել են տնտեսական կապերին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր:
Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի միջեւ բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության մասին» համաձայնագիր: