ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 1988 թվականի հունվարի 25-ին՝ Ստրասբուրգում: Կոնվենցիան մշակել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունն (ՏՀԶԿ) ու Եվրոպայի Խորհուրդը: 2010 թվականին այն լրամշակվել է համապատասխան Արձանագրությամբ: Կոնվենցիան ստորագրել է ավելի քան 100 երկիր:
Արման Պողոսյանի խոսքով` կոնվենցիայի հիմնական նպատակը միջազգային համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Կողմերը միմյանց տրամադրում են հարկային հարցերով վարչական աջակցություն, որն ընդգրկում է տեղեկությունների փոխանակում, աջակցությունը բռնագանձման, այդ թվում՝ ապահովման միջոցների կիրառման հարցում եւ փաստաթղթերի հանձնում: Վարչական աջակցություն է տրամադրվում անկախ տվյալ անձի՝ այդ կողմի կամ որեւէ այլ պետության ռեզիդենտ կամ քաղաքացի լինելու հանգամանքից:
Կոնվենցիան ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձեւերը՝ հարկային պարտավորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու եւ հարկեր չվճարելու դեմ պայքարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում եւ այլն:
Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: