«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացումները, ինչպես նաեւ հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը:
Պատվիրակությունների ղեկավարները խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր:
Գայանե Աբրահամյանը կարեւորել է դատական համակարգի բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման ընթացքում վրացական փորձի օգտագործումը՝ կիրարկման փուլում հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ տարածաշրջանային հակամարտությունների մասին:
Գայանե Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն այսօր նոր, կառուցողական դիրքերից է խոսում:
Արչիլ Թալակվաձեն շեշտել է բոլոր երկրների հետ սերտ համագործակցության կարեւորությունը՝ ընդգծելով, որ մասնակից երկրների հանդեպ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ, մոտեցումներ ու դարերի պատմություն ունի: