Դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի ութերորդ նստաշրջանի աշխատանքների մասին են խոսել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ Կորյուն Մկրտչյանը, Սարգիս Խանդանյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը եւ Տարոն Սիմոնյանը դեկտեմբերի 12-ին հրավիրած ասուլիսում:
Պատվիրակության ղեկավարը աննախադեպ է համարել այն փաստը, որ լիագումար նիստի բացման իր ելույթի ընթացքում իր առաջարկությամբ բոլոր պատվիրակներն հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Բացառություն է կազմել ադրբեջանական պատվիրակության մեկ անդամը։
Գայանե Աբրահամյանն արդյունավետ է գնահատել պատվիրակության աշխատանքները, ինչը, ըստ նրա, թիմային գործունեության արդյունք է։ Եվրանեսթ ԽՎ-ում գործող չորս հանձնաժողովների ընդունած չորս բանաձեւերի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացրած բոլոր 13 առաջարկություններն ընդունվել են։
Կրթության հարցերով բանաձեւում ներառվել է հայկական կողմի առաջարկությունը՝ գործընկեր երկրներում այլատյացության քարոզի բացառման վերաբերյալ։ Կատարված ակտիվ աշխատանքի շնորհիվ կասեցվել է Հայաստանի ատոմակայանի փակման մասին ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկության ընդունումը։ Շեշտադրվել է հայկական կողմի այն դիրքորուշումը, ըստ որի, գործողը չի փակվի մինչեւ չկառուցվի նորը:
Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովում ներկայացված 8 առաջարկություններն ընդունվել են։
Ըստ ԱԺ պատգամավորի՝ ընդունված բանաձեւերից մեկում ամրագրվել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի աշխատանքների ուղղությամբ, ժողովրդավարության զարգացման եւ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում։ «Կարեւոր էր այն հանգամանքը, որ մենք ներկայացնում ենք լեգիտիմ ճանապարհով ընտրված խորհրդարան»,- ասել է Գայանե Աբրահամյանը։
Կառույցի բյուրոյի նիստում ներդրված ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել նրան, որ եվրոպական կառույցը Հայաստանին չդիտարկի Ադրբեջանի հետ նույն հարթության վրա: Սահմանվել է, որ մեր երկիրն առանձին կարգավիճակ կունենա, ընդգծվել է, որ Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ աճն ապահոված երկիրն է։
Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը խոսել է Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական հանձնաժողովում ներկայացրած առաջարկությունների մասին։ Նա հանձնաժողովում հակադարձել է ադրբեջանցի պատվիրակի այն պնդմանը, թե արցախյան կողմն ազատ չի արձակում Ադրբեջանի ձերբակալված երկու քաղաքացիներին: Պատգամավորը պարզաբանել է, որ նրանք դատապարտվել են կատարած հանցագործությունների համար եւ չեն համարվում ռազմագերիներ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ 2020թ--ին Եվրանեսթ ԽՎ-ի բոլոր հանձնաժողովները նիստեր կգումարեն Երեւանում։
Նշվել է, որ պատվիրակության գրանցած հաջողությունը պայմանավորված է նաեւ Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցած եւ ընթացող աննախադեպ դրական զարգացումներով։
Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին։