ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Աննա Կոստանյանը եւ Արթուր Մանուկյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալել են «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ գործիչների համայնք» հասարակական կազմակերպության եւ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի անդամներին: Նրանք, ինչպես նաեւ «Կինոօստրով» կինոընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը, մշակել են երեք օրենսդրական նախաձեռնության առաջարկներ, որոնք պետք է հետագայում հիմք դառնան «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի:
Կինոոլորտի վերաբերյալ տեղի է ունեցել բաց եւ անկեղծ քննարկում. որոշվել է, որ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբն առաջիկա հունվարին կհամադրի երեք առաջարկները, իսկ արդեն փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովին կներկայացնի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որի վրա էլ կաշխատեն հանձնաժողովականները:
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ որեւէ լավ միտք, գաղափար կամ դրույթ, որը կարող է զարգացնել կինոոլոտը, դուրս չի մնալու օրենքի նախագծից, քանի որ բոլոր կողմերի նպատակը «Կինոյի մասին» լավ օրենք ունենալն է: