Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին եւ քաղաքական ու մամուլի գծով ղեկավար Ստիվ Դոդդսին:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացումը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման եւ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցերին:
Քննարկվել են Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: