ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 11-ին խորհրդարան են այցելել Երեւանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Պատգամավորը ներկայացրել է իր կենսագրական տվյալներն ու անցած ուղին, նշելով, որ քաղաքականության մեջ մտնելն իր համար ինքնանպատակ չի եղել: Գեւորգ Գորգիսյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել: «Գիտելիքը միակ բանն է, որ ոչ ոք չի կարող խլել, եւ այն միշտ քեզ հետ է»,-նշել է պատգամավորը: Նա պատասխանել է ներկաների հնչեցրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին եւ նախատեսվող բարեփոխումներին:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին, եղել ԱԺ թանգարանում:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին, փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների նախագահներին եւ Գեւորգ Գորգիսյանին նվիրել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը: