National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.02.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 44

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանի քվեարկությամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրինագծերը քվեարկությամբ ընդգրկվել են նստաշրջանի օրակարգում:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են հերթական նիստերի օրակարգը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրին համահունչ նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվող կառուցվածքային փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը, լիարժեք կայացմանը:

Նախագծի ընդունմամբ՝ կիրականացվի բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական եւ ամբողջական գնահատում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է խնամակալության նպաստ ստանալու իրավունք սահմանել տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածներին, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ Կառավարության դրական  տեսակետը հարակից ելույթում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ելույթ ունեցած  պատգամավորները կարեւորել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը՝ ներկայացնելով  մի շարք առաջարկներ, որոնք  ուղղված էին խնամակալ անձանց սոցիալական հարցերի կարգավորմանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ 1996 թվականին ընդունված   օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ելնելով ՀՀ մի շարք օրենքներին  այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունից եւ  արդիականացնելու կարիքից: Մասնավորապես,  փոխնախարարը հայտնել է, որ «հիվանդ» բառի փոխարեն այսուհետ գործածվելու է «պացիենտ» բառը: Բացի այդ, օրենքը համալրվել է նոր հասկացություններով եւ կարգավորումներով:

Սահմանվում են  բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձեւերը:

Առաջարկվում է ներդնել բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգ: Մասնավորապես,  Հայաստանի մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող  պացիենտներին առավել  որակյալ, արագ եւ մատչելի  բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել  սահմանել հեռաբժշկության ծառայության վերաբերյալ կարգավորումները:

Այդ նպատակով ուսումնասիրվել է հեռաբժշկության ծառայություն իրականացնող մի շարք երկրների՝ մասնավորապես Նորվեգիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի փորձը. այժմ  աշխարհում հայտնի են հեռաբժշկության ավելի քան 250 ծրագրեր:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը մանրամասն քննարկել է փաթեթը եւ տվել  դրական եզրակացություն: Նա նշել է, որ հանձնաժողովը ներկայացրել էր 94 առաջարկ, որոնցից 82-ն ընդունվել է:

Քանի որ օրենքն առաջարկվում է  փոխել ամբողջությամբ, ապա անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար օրենսդրական փաթեթն ու ոլորտին առնչվող խնդրահարույց հարցերը. նման տեսակետ են  արտահայտել ելույթ ունեցող որոշ պատգամավորներ: Հիմնական զեկուցողը  լսումներ անցկացնելու առաջարկը նպատակահարմար է համարել, թեեւ նշել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած  «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հեղինակներն առաջարկում  են  պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում հողամաս, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած հողի հարկով: Նախագծի ընդունմամբ  կմեծանան համայնքային բյուջեները, կարծում են հեղինակները: 
  
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտաշես Պետրոսյանը:

Կառավարությունն օրինագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել կարգավորել նաեւ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից` խնդրո առարկա դեպքում գույքի գրանցումը հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայության պարագայում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել՝ սահմանելով, որ մինչ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով:

Ըստ հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանի՝ նախագիծը հնարավորություն է տալիս բացառել կոռուպցիոն մեխանիզմը, որով  համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարները, շրջանցելով օրենքը, նշանակվում են ժամանակավոր պաշտոնակատար եւ տարիներով մնում այդ պաշտոնին: Զեկուցողի խոսքով? գործող օրենքում սահմանված չէ  ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ, ինչն էլ  չարաշահումների տեղիք է տալիս:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

Օրինագծի վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի,  Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ հիմնական զեկուցող Սոնա Ղազարյանի՝ առաջարկվում է օրենքով սահմանել, որ  համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաեւ այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ նախագիծը միտված է համայնքների գործունեության  հրապարակայնության ընդլայնմանը, ինչը ողջունելի է:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի փետրվարի 12-ին՝ ժամը 10-ին:
 


27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am