ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը:
Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման աշխատաժողովների միջոցով իրազեկումը հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնելիս ճիշտ կողմնորոշվել՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկային գործոնները:
Քննարկվել են մասնավոր նախաձեռնություններին, նորարարություններին, համատեղ ձեռնարկությունների առավելություններին ու թերություններին, հիմնական մարտահրավերներին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին աջակցության համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի: