Մարտի 6-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանն ու Աննա Կոստանյանը հանդիպել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների եւ ներկայացուցիչների հետ` կրթության ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով:
Կարեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն եւ այս նստաշրջանի ընթացքում կքննարկվի խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է, հարցի վերաբերյալ անցկացվել են խորհրդարանական լսումներ, սակայն, ըստ պատգամավորի, նախագծում խնդրահարույց դրույթներ կան, որոնք անհրաժեշտ է վերանայել:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կարծիքով` խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համակարգային մոտեցումներ: Նրանք մասնավորապես նշել են, որ կարիք կա վերանայելու բուհերի ինքնավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական երաշխիքներին, կառավարման խորհրդին վերաբերող դրույթները:
Հյուրերը դրական են գնահատել օրինագծի այն հոդվածը, ըստ որի «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների` բուհ ընդունվելու համար: Նրանց խոսքով` անհրաժեշտ է դպրոցներում բարձրացնել առարկայի դասավանդման մակարդակը:
Ամփոփելով հանդիպումը` ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հույս են հայտնել, որ օրենքի նախագծի քննարկման փուլում Կառավարությանը կներկայացվեն առաջարկներ բարձրացված հարցերի վերաբերյալ: