ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին երկրորդ ընթերցումով քննարկել է Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձեւակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաեւ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի հանձնարարականների պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով:
Կատարվող փոփոխությամբ՝ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Նախատեսվում է նաեւ սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, եւ կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակական կազմակերպությունների գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառվող պարտադիր պայման հանդիսացող դրույթների վերաբերյալ:
Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նիստերի օրակարգի նախագծում: