ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մարտի 30-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, բացառությամբ համաձայնագրի, կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը պարզաբանել է, որ Covid-19 համավարակի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել վերոնշյալ օրենքներում եւ նախատեսել, որ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաեւ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքներին: Սա նշանակում է, որ համապատասխան պետական մարմինները հնարավորություն են ունենալու տեղեկանալ հետաքրքրություն ներկայացնող անձի եւ նրա հետ հեռախոսային շփում ունեցած անձանց գտնվելու վայրին, հեռախոսային շփման տեւողությանը, զանգերի քանակին եւ այլն: Օնլայն ամրագրվելու են բոլոր անձանց հեռախոսազանգերն ու տեղաշարժը, սակայն որեւէ անձի տեղորոշման գործընթաց կարող է սկսվել, եթե նա վարակակիր է կամ կասկած կա նրա՝ վարակակրի հետ շփման վերաբերյալ:
Անձնական տվյալներին միջամտությունները կրելու են ժամանակավոր բնույթ: Արգելվում է հեռախոսազրույցի կամ հաղորդագրության բովանդակությանը ծանոթանալը կամ այն այլ նպատակներով օգտագործելը: Նշվել է, որ անձի տեղորոշումը պարզելու համար օգտագործվելու են քաղաքացիների սմարթֆոնները: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ վերոնշյալ գործողությունների նպատակը համաճարակի տարածման կանխումն է: Հեռախոսների եւ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ապանձնավորվելու եւ ոչնչացվելու է: Տեղեկատվությունը չապանձնավորելու եւ չոչնչացնելու, ինչպես նաեւ այն այլ նպատակներով օգտագործելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման կամ դրանցից օգտվելու պարտադիր դեպքերում դրանք չկիրառելը կամ դրանցից չօգտվելը կամ դրանց կիրառման եւ օգտագործման կարգը խախտելը համարվում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ռեժիմի խախտում:
Նախարարի խոսքով՝ այն քաղաքացիներին, որոնք չունեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, անհրաժեշտության դեպքում կարող են տրվել սմարթֆոններ:
Ելույթ ունեցող պատգամավորներից շատերը խնդրահարույց են համարել առաջարկվող լրացումները՝ նշելով, որ նպատակը պարզ է, սակայն անհասկանալի են առաջարկվող լուծումները, դրանք ավելի շատ հարցեր ու մտահոգություններ են առաջացնում: Կարծիքներ են հնչել, որ փաթեթն ուշացած է, բացի այդ՝ այն չի ծառայելու սահմանված նպատակին:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ օրինագիծը ժամանակավրեպ է: Պատգամավորի խոսքով՝ պետք է մտածել այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու մասին:
«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն իրավիճակում, երբ դա զրոյական ազդեցություն ունի համավարակի տարածման վրա»,- նշել է նա: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենք դեմ են քվեարկելու:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բացասական կարծիքը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն առաջարկել է հետ կանչել օրենքի նախագիծը՝ համարելով այն հետընթաց:
«Դուք ծախսելու եք հսկայական ռեսուրսներ, եւ հետո՝ ո՞վ ասաց, որ մարդիկ պարտադիր հեռախոսով են պայմանավորվում ու հանդիպում»,- նշել է նա եւ ընդգծել, որ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում առցանց:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագիծն ունի երեք՝ արդյունավետության, վստահության, ժամանակի շերտեր:
«Նախագիծն ուշացած չէ, բայց ես նույնպես խնդիրներ եմ տեսնում ապանձնավորման եւ հնարավոր վերանձնավորման հետ կապված»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է հնչեցրած հարցադրումներին: Նախարարի խոսքով՝ նժարներից մեկին դրված են կյանքն ու առողջությունը, մյուսին՝ որոշակի ազատությունների սահմանափակումը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չանել:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն COVID-19 հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Ըստ նրա՝ նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, ուստի ըստ բժշկական փաստաթղթերի՝ անձի մահվան դեպքում անհրաժեշտ չէ իրականացնել հերձում:
Հաջորդիվ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկում է հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերերի բոլոր ժողովների վրա:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ նախատեսվում է նաեւ ներդնել «իրական ժամանակում առցանց քվեարկության» հայեցակարգը, ինչն ավելի ճկուն է դարձնում ստեղծված իրավիճակում ժողովների հրավիրումը: Ներդրվելու է «էլեկտրոնային քվեաթերթիկ» հասկացությունը, ինչը հնարավորություն կտա առանց թղթային փաստաթղթերի օգտագործման կազմակերպել հեռակա քվեարկություն (առցանց քվեարկություն): Օրենքի նախագծով ժողովի կազմակերպման պարտականությունը դրվում է խորհրդի վրա, ուստի նախատեսվում է նաեւ խորհրդի նիստերի ընթացքում հեռակա քվեարկության հնարավորություն ստեղծել:
ՀՀ կառավարությունը հետ է կանչել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:
Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին: