Մայիսի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 30-ին հրավիրված հերթական նիստի աշխատանքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ» 2018-2019 թվականների հաղորդումը:
Բանախոսի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու արտահերթ եւ 170 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ 2018թ-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ դատական կարգով չեն վիճարկվել: Ընտրության արդյունքներն ընդունվել են թե՛ ընտրողների, թե՛ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից:
Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրության արդյունքները դատական կարգով եւս չեն վիճարկվել:
ԿԸՀ-ն ներկայացրել է նաեւ մի շարք առաջարկներ. ամբողջությամբ վերանայել արտահերթ ընտրությունների նշանակման եւ անցկացման կարգն ու ժամկետները` դրանք համապատասխանեցնելով հերթական ընտրությունների համար սահմանված ժամկետներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի` լրամշակված տարբերակը:
Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գեւորգ Պետրոսյանի խոսքով` առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Նախատեսվում է սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ դրանք իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում: Ըստ նրա` մարդիկ երկար քննության պատճառով չեն դիմում դատարան` իրենց պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար: Ուստի առաջարկվում է հայցը քննել առաջին ատյանի դատարանում եւ այն լուծել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երկամսյա ժամկետում: Օրինագծով երկամսյա ժամկետ է սահմանվել նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների համար:
Ըստ հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի` առաջարկվող ժամկետները փոփոխության կարիք ունեն: Նրա կարծիքով` պետք է կրճատել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների համար նախատեսված երկու ամիսը եւ ավելացնել Առաջին ատյանի դատարանի համար նախատեսված ժամկետը` գործը քննելու եւ ուսումնասիրելու համար:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարի խոսքով` օրինագծի գաղափարին Կառավարությունը դեմ չէ, սակայն նախագծով նախատեսվում են գործերի քննության այնպիսի սեղմ ժամկետներ, որոնց դեպքում օբյեկտիվորեն անհնար է դառնալու գործերի պատշաճ քննությունը: Գործադիրն առաջարկում է սահմանել գործերի քննության առավել իրատեսական ժամկետներ:
Կողմ արտահայտվելով նախաձեռնության գաղափարին` պատգամավորները նշել են, որ սահմանված ժամկետները վերանայման կարիք ունեն: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է` լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: