National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
20.08.2005
ԱԺ նախագահը կարեւորում է հանդիպումները ժողովրդի հետ

Շարունակելով իր աշխատանքային այցերը Հայաստանի մարզեր` օգոստոսի 20-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց վանաձորցիների հետ: ԱԺ նախագահը անդրադարձավ երկրում առկա խնդիրներին ու անելիքներին` կարեւորելով կրթական համակարգում եւ սոցիալական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները. «Հայաստանում տարբեր ուղղություններով բարեփոխումների անհրաժեշտություն կա: Բազմաթիվ խնդիրներ արդեն հասցրել ենք լուծել, բայց դեռ անելիք շատ կա»:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հետխորհրդային շրջանում հայտնի պատճառներով փակված մանկապարտեզներն ու միջին մասնագիտական կրթական հաստատությունները արդեն վերաբացվում են, այլեւս ոչ մի մանկապարտեզի շենք չի կարող վաճառվել, քանի որ վերջերս ընդունված օրենքով արգելվում է կրթական գործունեություն իրականացնող շենքերի վաճառքը: Մեկ այլ օրենքով` այս տարի վերաբացվել է շուրջ 30 միջին մասնագիտական կրթական հաստատություն:

Ըստ ԱԺ նախագահի` անհրաժեշտ է հանրակրթական դպրոցներում բարձրացնել լեզուների դասավանդման մակարդակը. յուրաքանչյուր դպրոցական պետք է առնվազն երկու օտար լեզու իմանա:

Խոսելով ավանդների վերադարձիմասին` Արթուր Բաղդասարանը տեղեկացրեց, որ «Բանկային ավանդների ապահովագրման մասին» օրենք է ընդունվել եւ այլեւս խաբված ավանդատուներ Հայաստանում չեն լինի, անգամ բանկի լուծարման դեպքում պետությունը պարտավոր է վերադարձնել ողջ գումարը: Ինչ վերաբերում է խնայբանկերում եղած գումարներին` Արթուր Բաղդասարյանը կոչ արեց պայքարել դրանց վերադարձման համար:

Վանաձորցիներին հուզող հարցերը բազմաբնույթ էին` սկսած «Վանաձորի քիմպրոմի» վերագործարկումից, սոցիալական խնդիրներից մինչեւ սահմանադրական բարեփոխումները: Վանաձորցիներից մեկն առաջարկեց ընդդիմությանը զրկել մանդատներից, քանի որ չի կարելի ժողովրդի քվեն ստանալ, բայց ժողովրդի խնդիրներով չզբաղվել: Արթուր Բաղդասարյանը մանդատներից զրկելը ճիշտ չհամարեց, բայց նշեց, որ ԱԺ նիստերից բացակայողների հանդեպ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել:

Բնակիչներին հիմնականում հուզում էր աշխատավարձերի խնդիրը: ԱԺ նախագահը խոստացավ, որ 2007-ի սկզբին ուսուցիչների աշխատավարձը կհասցվի մինչեւ 70 հազարի:

Երեւանի քաղաքապետի ընտրության կարգին անտարբեր չէին նաեւ Վանաձորում. վանաձորցիները գտնում են, որ մայրաքաղաքի քաղաքապետը պիտի ընտրվի ուղիղ ընտրությամբ: ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ Սահմանադրության համապատասխան փոփոխությունն ամենեւին էլ չի ենթադրում միայն անուղղակի ընտրություն, սակայն այդ դեպքում արդարացիության երաշխիք է ավագանու անդամների քանակի ավելացումը: ԱԺ նախագահն արժանապատիվ ապրելու համար հորդորեց ՏԻՄ եւ բոլոր մյուս ընտրություններում ձայն տալ երկրի համար սրտացավ մարդկանց:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ պետությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի մարզերի զարգացմանը. «Կցանկանայի Լոռու մարզը ավելի զարգացած տեսնել եւ բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է «Վանաձորի քիմպրոմին» այն վերագործարկելու լավագույն լուծումներից մեկը կլինի գործարանը պետական կառավարման վերցնելը, աշխատեցնելը, նոր միայն այլ կառավարչի հանձնելը, քանի որ քիմպրոմում բարեխիղճ ներդնող չկա»:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առաջարկեց վանաձորցիներին ցանկացած խնդրանքով իրեն դիմել` խոստանալով պատասխանել ժողովրդին հուզող խնդիրներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am