ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունիսի 11-ի նիստում Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ ամփոփել է 2019 թ. սեպտեմբերից մինչ այժմ կատարած աշխատանքները:
Սերգեյ Բագրատյանի ներկայացմամբ` հաշվետու ժամանակահատվածում քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, կատարվել են մի շարք հանքավայրերի գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ եւ հարցումներ: Ըստ նրա` ապահովվել է քննիչ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել համակարգում արձանագրված խախտումները, անդրադարձել շրջակա միջավայրի հիմնախնդիրներին, ոլորտին առնչվող դատական գործընթացներին:
Պատգամավորները ներկայացրել են քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող առաջարկություններ: Հստակեցվել են հետագա գործողությունների ձեւաչափերն ու ժամանակացույցը:
Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ: