National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.06.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Հունիսի 11-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենքների նախագծերի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է՝ առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում, որն էլ ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պետական ռեգիստրի ղեկավարին ընդունելու պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում` պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր: Ընդլայնվելու է սահմանափակված մատչելիությամբ տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը: Նախատեսվում է կարգավորել եւ հստակեցնել նաեւ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:

Բանախոսն ընդգծել է, որ նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի կդյուրացնի տեղեկատվություն հայցողների գործողությունները, կկրճատի ժամանակը:

Հանձնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի ու Աննա Կարապետյանի հեղինակած «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ` 4-րդ մասով. Արբիտրաժային տրիբունալի կողմից քննության եւ լուծման ենթակա չեն այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես է գալիս տվյալ արբիտրաժային տրիբունալի հիմնադիրը կամ նրա հետ փոխկապակցված անձը (արբիտրաժային տրիբունալի հիմնադրի հետ փոխկապակցված են համարվում արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված իրավաբանական անձը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր իրավաբանական անձի մասնակիցը, հիմնադիրը, բաժնետերը կամ անդամը, արբիտրաժային տրիբունալի հիմնադիր ֆիզիկական անձի ամուսինը, հիմնադիր ֆիզիկական անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում` որդեգրված), ծնողը (այդ թվում` որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, հիմնադիր ֆիզիկական անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինը, ինչպես նաեւ փոխկապակցված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված կամ նրան ամբողջությամբ կամ մասամբ պատկանող իրավաբանական անձը):

Բանախոսը նշել է, որ ընդունելի է Կառավարության ներկայացրած բոլոր բանավոր առաջարկները, իսկ համապատասխան փոփոխություններն օրինագծում կկատարվեն առաջին ըներցմամբ ընդունվելուց հետո:

Օրինագծին տրվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ` քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ ներկայումս, ի տարբերություն վարչական եւ քրեական դատավարությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը: Առաջարկվում է վերոնշյալ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ հնարավորություն ընձեռել ՀՀ վարչական դատավարությունում որպես ընդհանուր կանոն նախատեսել վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Փոխնախարարի խոսքով` վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն նախատեսելը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի գործառույթների առանձնահատկություններով եւ նպատակ ունի, մասնավորապես, թեթեւացնելու դատարանի ծանրաբեռնվածությունը` կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը` այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը եւ դատական ռեսուրսների խնայողությանը:

Օրինագծի վերաբերյալ դրական կարծիք են հայտնել դատական իշխանության ներկայացուցիչները: Նրանք շնորհակալություն են հայտնել Կառավարության ներկայացուցչին նման նախաձեռնության համար:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Առաջարկվել է օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է առաջին ատյանի յուրաքանչյուր դատավորի օգնականների թիվը դարձնել երկու՝ այսպիսով հնարավորություն ընձեռել մեղմել դատավորների ծանրաբեռնվածությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատակազմը մեկ օգնականով լրացնելու գաղափարը միտված է առաջին ատյանի դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթեւացնելուն, նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այն իր հերթին հնարավորություն կընձեռի առաջին ատյանի դատավորի օգնականի հաստիքի համար նախատեսված պահանջները բավարարող իրավաբաններին դիմել սահմանված հաստիքի համար:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը համամիտ է, որ դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված, սակայն վստահ չէ, որ մեկ օգնականի հաստիքի ավելացմամբ ծանրաբեռնվածությունը կթեթեւանա: Ըստ նրա` անհրաժեշտ է խնդրի համակարգային լուծում: Ուստի, փոխնախարարն առաջարկել է այս փուլում ձեռնպահ մնալ նման փոփոխությունից:

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկել է Վերաքննիչ դատարանների օգնականի թիվը եւս դարձնել երկու:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկել է ավելացնել երկու օգնականից առաջ «մինչեւ» բառը:

Հնչեցված առաջարկների հիման վրա օրինագիծը լրամշակելու համար քվեարկությունը հետաձգվել է:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի, Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը:

Բացի այդ, առաջարկվում է 3323 -րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ եւ 319-րդ հոդվածներին` խստացնելով փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված սանկցիան:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորումներից բխում է, որ փաստաբանի կողմից իրականացվող ցանկացած գործունեությանը ցանկացած սուբյեկտի կողմից խոչընդոտելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության, ինչը Կառավարության համար ընդունելի չէ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեորեն պատժելի պետք է լինի միայն կոնկրետ գործով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, այսինքն՝ կոնկրետ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը միջամտելը:

Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայացված կարգավորումները կարող են ընդունելի լինել միայն Կառավարության կողմից ներկայացված վերոնշյալ նկատառումները հաշվի առնելու դեպքում:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները, որոնց արդյունքում օրինագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ծանուցումները կատարել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծանուցման էլեկտրոնային եղանակը՝ որպես թղթային ծանուցագրի այլընտրանք, նախատեսված է էստոնիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Լատվիայի քրեադատավարական օրենսդրությամբ: Ընդգծվել է, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակի ներմուծումը կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովմանը՝ դարձնելով այն հանրային զարգացմանը համընթաց, ավելի հասանելի, օպերատիվ եւ հարմարավետ՝ խուսափելով թղթային եղանակով ծանուցման համար ծախսվող ժամանակի, ռեսուրսների եւ գումարի վատնումից:

Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են, որ օրինագծի գաղափարն ընդունելի է, սակայն առկա են տեխնիկական եւ բովանդակային խնդիրներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ քննարկումներ է ունեցել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ իր համար ընդունելի են հնչեցված առաջարկները:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի` օրինագիծը նախաձեռնելու ու կյանքի կոչելու առաջին պատճառը` ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարատավորություններն են, մասնավորապես «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի համաձայն` պատժելի են ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ մի շարք այլ արարքներ` ներառյալ ցեղասպանություն հանցագործության ուղղակի եւ հրապարակային հրահրումը:

Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը եւ օրենսգիրքը լրացնել նոր 393.1-ին հոդվածով` «Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը» վերտառությամբ:

Նախագծով ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը կպատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Վլադիմիր Վարդանյանի խոսքով` նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կպատժվի ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով: Վերոնշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` կպատժվի ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնությունը չի վերաբերում ՀՀ տարածքում կատարված ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրարհրման դեպքերին: ՀՀ տարածքում պատժի ենթակա կլինի այն անձը, ով ցանկացած այլ երկրում կատարել է համանման հանցագործություն:

Հարակից զեկուցող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ողջունել են նախաձեռնությունը: Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել որեւէ առաջարկ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը եղել է դրական:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am