ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակն առաջարկում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներ, ամուսին /կին/, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պատգամավորը տեղեկացրել է, որ ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների 12 անդամ (ծնողներ, այրի, քույր, եղբայր):
Կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Հանձնաժողովի անդամները ողջունել են նախաձեռնությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: