Հուլիսի 9-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Փոփոխությունների նպատակը ժամանակավոր անաշխատունակության, մայրության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներին առնչվող հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումների սահմանումն է: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ինչպես նաեւ հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի: Աշխատողին մայրության նպաստ եւս կնշանակվի եւ կհաշվարկվի գործատուի կողմից:
Փաթեթն ստացել է դրական եզրակացություն: