ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 15-ի արտահերթ նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող` ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ նախատեսվում է փոփոխություն կատարել օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում, որով կանոնակարգված են կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը կազմակերպության կողմից մինչեւ մեկ տարի եւ մեկ տարուց ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացները: Առաջարկվում է պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության հանձնել ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգով: Նպատակն է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, նպաստել պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքում ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել թափանցիկ ու հրապարակային:
Ըստ Նարեկ Բաբայանի` էական փոփոխություններ են կատարվել նաեւ վարձակալության տրամադրման գործընթացում:
Ընդգծելով նախագծի քննարկման հրատապությունը` Վարազդատ Կարապետյանը նշել է, որ վարձակալության պայմանագրերի վերակնքման գործընթացն արդեն սկսել է եւ օրենսդրորեն կանոնակարգելու անհրաժեշտություն կա:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են համայնքների ֆինանսապես հզորացմանն ուղղված քայլերին, վարձակալության տրամադրման կարգին:
Քննարկված օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: