ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի` գործող օրենսդրությամբ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը` 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը, ինչն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ: Մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը` վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունը նաեւ ԵԱՏՄ ներքին օրենսդրության պահանջ է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե հրապարակումից 10-ն օր հետո, ինչպես սահմանված էր նախնական տարբերակում, այլ 3 ամիս անց:
Պատգամավորները, ներկայացնելով հարցադրումներ, հիմնականում կողմ են արտահայտվել: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել օրինագծին: