ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել եւ տնտեսավարողների հարցերին է պատասխանել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն համավարակի շրջանում ի հայտ եկած, այլեւ ընդհանրապես զբոսաշրջության ոլորտին վերաբերող օրենսդրական, հարկային դաշտի կարգավորմանը, տնտեսվարողների, մասնավորապես զբոսավարների գործունեության որակավորմանը, մարքեթինգին եւ ոլորտի առաջխաղացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:
Բարձրացված հարցերը համակարգելու եւ տեսակավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախատեսվում է հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին հնարավորություն ընձեռել հանդես գալու համապատասխան առաջարկություններով:
Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը հարթակ է, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները, ուղղորդվում Կառավարություն եւ համատեղ լուծումներ գտնվում: