ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ինքը մի քանի շաբաթ առաջ է ընտրվել Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար, եւ այդ ընտրությունն առաջին հերթին իր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ըստ նրա` դա պայմանավորված է եղել նաեւ իր` արեւելագետի մասնագիտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մշտապես գիտակցել է հայ-իրանական հարաբերությունների արժեքն ու գինը:
Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդումը:
Մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ պատմական, բարեկամական, մշակութային հարաբերությունների առավել խորացմանը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-իրանական օրակարգի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873թ-ից մինչեւ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունը եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: