Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել նման հանդիպումները՝ քննարկելու թե' տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե' համավարակի հետեւանքները հաղթահարելուն ուղղված գործողությունները: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց զրույց գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար կարեւորագույն նախադրյալն իրապես ազատ եւ մրցակցային տնտեսական հարաբերությունների հաստատումն էր եւ արհեստական խոչընդոտների ու հովանավորչության վերացումը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում առաջացած անխուսափելի վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ տվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:
Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը: