Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամայանի ներկայացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին երեք հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության կողմից:
Համաձայնագրի նպատակն է համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին: Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաեւ անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների եւ գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: