Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Ջուդի Վան Ռեստի, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ստեֆան Նիքսի հետ քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գործունեությանը առնչվողհարցեր: Սենատոր Պոլ Սարբեյնսի, կոնգրեսականներ Խավիեր Բեկերայի, Բոբ Մենենդեզի, Էդ Ռոյսի , Ջորջ Ռադանովիչի, Ստենի Հաուերի հետ ունեցած առանձնազրույցների առանցքում հայոց ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվողխնդիրներն էին: Արթուր Բաղդասարյանը անընդունելի համարեց առկա Կարս-Գյումրի երկաթգիծը գործարկելու փոխարեն Թուրքիայի կողմից Հայաստանը շրջանցելով նոր երկաթգիծ կառուցելու մտադրությունը եւ կոչ արեց առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումների ժամանակ պաշտպանել Հայաստանի արդարացի դիրքորոշումը:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Վուդրո Վիլսոն» կենտրոնում ԱՄՆ մի շարք հեղինակավոր փորձագիտական կենտրոնների ղեկավարների եւ պատասխանատուների հետ: «Վուդրո Վիլսոն» կենտրոնի տնօրեն Լ.Համիլտոնի հետ քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ներքաղաքական զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Ի դեպ, այս կենտրոնի ղեկավարությունը անմիջականորեն նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից: Նույն օրը Արթուր Բաղդասարյանը «Վուդրո Վիլսոն» կենտրոնում հանդիպում ունեցավ մի քանի տասնյակ փորձագետների, լրագրողների, դիվանագետների, հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, այնուհետեւ պատասխանեց վերջիններիս բազմաթիվ հարցերին, հարցազրույցներ տվեց ամերիկյան, ռուսական եւ հայկական լրատվամիջոցներին: