ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սկսված պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
Մեկ առաջարկ ներկայացրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը հեղինակն ընդունել է:
Գաբրիել Բալայանը նաեւ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարները՝ 1-28, 85-01, 85-03:
Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է:
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը չի կայացել. Կառավարությանը հարցերով դիմելու համար որեւէ պատգամավոր չէր գրանցվել:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը: