Հոկտեմբերի 20-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախում հերոսաբար նահատակված հայորդիների:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է զեկույց՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ:
Զեկուցողի խոսքով` սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի եւ Արցախի բնակչության ու բնակավայրերի նկատմամբ միտումնավոր թիրախավորված ձեւով են կատարվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը: Դրանք, ըստ Արման Թաթոյանի, իրականացվում են միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման եւ ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան եւ բռնությունը:
«Այն վայրագրությունները, դաժանությունները, զանգվածային ավերածությունները, որոնք Ադրբեջանի զինուժն իրականացրել է Արցախում, նաեւ այն բանի հետեւանք են, որ միջազգային կազմակերպությունները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նկատի ունի, մասնավորապես, իր եւ Արցախի ՄԻՊ-ի հրավերներն ու կոչերը:
Խոսելով պատերազմում վարձկան ահաբեկիչների առկայության մասին` բանախոսն ընդգծել է, որ դա արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է:
«Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարում եւ իրենց իսկ տեսանյութերում ասում, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները»,- ասել է Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վարձկան ահաբեկիչների վայրագություններին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:
Այնուհետեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը փակ ձեւաչափով ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: