ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արկադի Խաչատրյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին քննարկվել են Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2021 թվականի ֆինանսական ծրագրերը, հիշեցրել է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը երկու անգամ փոփոխվել է. առաջին անգամ համավարակով, իսկ երկրորդ անգամ՝ պատերազմով պայմանավորված: Նախարարն ընդգծել է, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է մինչեւ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը, ինչից հետո 2020 թվականի բյուջեում պարտադրված կատարվել են փոփոխություններ: Արդյունքում, 2021 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում արտացոլվել են 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքների կանխատեսումներն ու ցուցանիշները:
Այնուհետեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղեկալ Իրինա Ղափլանյանի տեղեկացմամբ՝ բնագավառին նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ, որից շուրջ մեկ միլիարդը դրամաշնորհ է: Նախարարի տեղակալը նշել է, որ 2021թ-ին կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 25 միջոցառում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում 2021 թ-ին նախատեսվող ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: Ըստ նախարարի՝ 2020-ի ցնցումներն ազդել եմ մի շարք ոլորտների` այդ թվում գյուղատնտեսության վրա: Դեռեւս գարնանից վերանայվել են բնագավառի անելիքները, էապես մեծ աջակցություն է ցուցաբերել Կառավարությունը: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021թ-ին նախորդ տարվա համեմատ ավելացել են գյուղատնտեսությանը տրվող ֆինանսական միջոցները: Հատկացումները կկազմեն 31,2 միլիարդ դրամ: