ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային եւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ բնագավառի ծախսերի համար նախատեսվել է 503,6 մլրդ դրամ, 2019թվականի 444,5մլրդ դրամի փոխարեն: Կիրականացվի 11 ծրագիր, որը ներառում է 99 միջոցառում:
«Զինծառայողներին, ՀՄՊ մասնակիցներին, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ընտանիքներին տրվող պարգեւավճարներ» միջոցառման գծով ծախսը կազմում է 10 898.3 մլն դրամ (2020 թվականին` 11 117.7 մլն դրամ): Ծախսերի նվազումը 219.4 մլն դրամի չափով պայմանավորված է շահառուների թվի նվազմամբ: 2021 թվականին կանխատեսվում է 36 168 շահառու 2020 թվականի 36 896 շահառուի դիմաց` պահպանելով պարգեւավճարների ամսական չափերը:
«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման գծով նախատեսվում է հատկացնել 36 680.1 մլն դրամի չափով (2020 թվականին` 37 227.1 մլն դրամ): Ծախսերի նվազումը 547.1 մլն դրամի չափով պայմանավորված է շահառուների թվի նվազմամբ՝ 2021 թվականին կանխատեսվում է 97 216 շահառու:
«Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման ծախսը 10 619.5 մլն դրամ է (պահպանվել է 2020 թվականի մակարդակը): «Տարեցների եւ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններե միջոցառման գծով նախատեսվում է ծախս 2 512.3 մլն դրամի չափով (պահպանվել է 2020 թվականի մակարդակը): «Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին նպաստի տրամադրում» միջոցառմամբ նախատեսվում է 7 861.3 մլն դրամի չափով ծախս (2020 թվականին` 3 740.9 մլն դրամ): Ծախսերը աճում են 4 120.3 մլն դրամով, որը պայմանավորված է շահառուների թվաքանակի փոփոխությամբ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառմամբ նախատեսվում է ծախս 16 852.2 մլն դրամի չափով (2020 թվականին` 13 755.4 մլն դրամ):
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ 2021թվականին ոլորտին կհատկացվի 111,6 մլրդ դրամ: Կիրականացվեն մի շարք ծրագրեր:
«Հանրային առողջության պահպանում» ծրագրով նախատեսվել է 6,329.6 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 5,772.9 մլն դրամի դիմաց: «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 2,421.3 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 2,021.3 մլն դրամի դիմաց կամ 400,0 մլն դրամով ավելի: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրին կհատկացվի 27,804.5 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 27,058.8 մլն դրամի դիմաց, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաեւ «Ամբուլատորպոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը: «Դեղապահովում» ծրագրով նախատեսվել է 3,490.8 մլն դրամ: «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագրով նախատեսվել է 19,082.1 մլն դրամ` 2020 թվականի 20,398.9 մլն դրամի փոխարեն: «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 5,000.0 մլն դրամ:
Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Առողջապահության նախարարը նշել է, որ պայմանավորված համավարակով եւ ռազմական գործողություններով՝ համակարգն աշխատում է գերլարված, թերացումներ չկան, բոլորը ստանում են պատշաճ բուժօգնություն: