ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ին հերթական նիստն է գումարել:
Քննարկվել է «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:
Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության ամրապնդումը եւ քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնության ընդլայնումը:
Փաստաթուղթը կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ: Նախագիծն ստացել է դրական եզրակացություն:
Քննարկված հաջորդ՝ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
Փաթեթը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Փաթեթի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ եւ հյուպատոսական վավերացում իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ:
Նախագիծը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը միտված է պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը:
Ակնկալվում է, որ փաթեթի ընդունմամբ կավելանա առցանց եղանակով գրանցման, հաշվառման նպատակով դիմումների քանակը, կկրճատվի կազմակերպությունների պետական գրանցման ժամկետը, անձանց կտրվի հնարավորություն՝ նշելու պետական գրանցման նախընտրելի օր, կվերացվի առցանց եղանակով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, հնարավորություն կստեղծվի հաշվառելու անհատ ձեռնարկատեր՝ լիազորված անձի դիմումի հիման վրա: Հստակեցվում եւ կրճատվում են մի շարք կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպությունների պետական գրանցման (այդ թվում՝ փոփոխությունների) ժամկետները, սահմանվում է ՍՊ ընկերությունների վերակազմակերպման կարգը, մեղմացվում են հիմնադրամների մարմինների արձանագրություններին ներկայացվող պահանջները, փոփոխվում են պետական գրանցման կամ հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը:
Մտքերի փոխանակման ընթացքում պատգամավորներից ոմանք մտահոգություններ են հայտնել՝ նշելով, որ առաջարկվող որոշ փոփոխություններ խնդրահարույց են, եւ դրանք չեն կարող բարելավել քաղաքացիների կյանքի որակը: Մասնավորապես առաջարկվել է փաթեթից հանել ՍՊ ընկերության վերակազմակերպման դեպքում պետական տուրքի բարձրացմանը վերաբերող դրույթները: Փոխնախարար Վահե Դանիելյանն անընդունելի է համարել առաջարկը՝ հորդորելով հետագայում լրացուցիչ քննարկել դրանք: Ըստ նրա՝ 1-2 դեպքում են բարձրանալու պետական տուրքերը, ինչը պայմանավորված է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմամբ:
Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, այն եւս կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումներում ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու, քաղաքացիական կացության ակտային գրանցումները վերականգնելու եւ անվավեր ճանաչելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների մասին վկայականների, դրանց կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները պահպանելու կարգի ու ժամկետների եւ դրանց հետ կապված այլ հարաբերությունները: Սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի եւ սպասարկման կենտրոնների իրավասությունները:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջարկվում է հանել մի շարք պետական տուրքեր, որոնց թվում է նաեւ ամուսնության գրանցման համար սահմանված պետական տուրքը: Որոշ դեպքերում էլ, ինչպեսին է, օրինակ, անձի անվան փոփոխությունը, կամ ամուսնության վկայականի կրկնօրինակի տրամադրումը, առաջարկվում է բարձրացնել պետական տուրքի չափը: Ըստ զեկուցողի՝ նոր օրենքի ընդունումը էապես բարելավելու է ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների որակը: Քննարկման արդյունքում պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության ներկայացրած «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծերը, որոնք նույնպես արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: