ՀՀ ԱԺ աշխատակազմը 2020 թ. դեկտեմբերի 16-ից 2020 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն (ք. Երեւան, 0095, Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում` ներկայացնելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ մշտական բնակության վայրի հասցեն.
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը եւ բնակության վայրի հասցեն.
3) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը (որոնք) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.
4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).
5) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու առկայության դեպքում` հեռապատճենների համարները.
6) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում (ՀՀ ԱԳՆ-ի կողմից), եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
ՀՀ Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:
Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ:
ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաեւ տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների եւ ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:
Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ: