ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ Ալեքսանդր Կոնյուկը նոր շունչ կհաղորդի խորհրդարանական հարաբերություններին:
Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ վերջին տարիներին փոխգործակցությանը նպաստող բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել նախկին դեսպան Իգոր Նազարուկի՝ հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը: Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային հարթակներում, այդ թվում ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը:
Դեսպանը եւս կարեւորել է հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել՝ նպաստելու երկկողմ համագործակցության զարգացմանը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ: